Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պարզապես, մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ պատասխանելով Ծառուկյանի՝ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությանը։
"Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ", - գրել է Մանե Գևորգյանը:
Նախօրեին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանը կոչ է արել 100 տոկոսով փոխել կառավարության կազմը, մասնավորապես, մատնանշելով վերադասների շրջանում փորձի պակասը, ինչի պատճառով, նրա կարծիքով, ձախողումներ են արձանագրվում գործունեության բոլոր ուղղություններով: Ծառուկյանը նաև նշել է, որ իր կուսակցությունն ավելի վաղ աջակցել է ներդրվող փոփոխություններին, հույս ունենալով, որ ժողովրդին տված խոստումներն իրականություն կդառնան, իսկ այժմ, կանգնած "երկրի կորստի" հեռանկարի առջև, ինքը պատրաստ է հանդիպել ցանկացած ողջամիտ քաղաքական ուժի և "երկրի ապագայով մտահոգ անձանց" հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: "Այն քաղաքական ուժը, անձը, մարդը, հասարակական կազմակերպության ղեկավարը, որոնք ժողովրդի կողմից ընդունելի չեն, մեր կողմից նույնպես անընդունելի են", - հավելել է Ծառուկյանը: