Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժ Հայաստանի սահմաններով չի արձանագրվել։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Նա նաև հավելել է, որ լուրերը, թե Խաչատրյանը գտնվում է Ռուսաստանի տարածքում, իրականությանը չեն համապատասխանում:
Ընդ որում, լրագրողների այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ Գուրգեն Խաչատրյանը կարողացել է թաքնվել քննությունից, Մարտիրոսյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, հավելելով, որ մինչ այդ նրա նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չեն իրականացվել, ուստի նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը չի սահմանափակվել:
Նշենք, որ Գուրգեն Խաչատրյանը, ով "Գալաքս" ընկերությունների խմբի համահիմնադիրն է եւ Ucom խոշոր հեռահաղորդակցային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, մեղադրվում է կաշառք փոխանցելուն օժանդակելու եւ կոռուպցիոն բնույթի գործողություններ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։