Արմինֆո. Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանը մեկնաբանել է աղմկահարույց տեսանյութը, որում կառույցի աշխատակիցները խիստ կերպով բերման են ենթարկում առանց դիմակի տղամարդուն: Ոստիկանապետը հայտարարել է, որ իրավապահ մարմինները կզբաղվեն այդ տեսագրության ուսումնասիրությամբ, որպեսզի պարզեն, թե որքանով են հիմնավորված ոստիկանության աշխատակիցների գործողությունները:
"Ես արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ, անկախ այն բանից, թե ով է նա, այն դեպքում, եթե նա չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին, պատիժ կկրի։ Պատժի կենթարկվեն նաև այն քաղաքացիները, ովքեր կփորձեն սադրել ոստիկանության աշխատակիցներին։ Որքան ինձ հայտնի է, ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ կոչ են արել քաղաքացուն դիմակ կրել, բայց նա համառորեն արհամարհել է նրանց պահանջները>,- նշել է Սարգսյանը:
Ոստիկանապետը նաեւ հայտարարել է, որ եթե ոստիկանության աշխատակիցներն իրենք խախտեն օրենքը եւ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառեն առանց որեւէ հիմնավորման, ապա նրանք նույնպես իրենց գործողությունների համար պատիժ կկրեն:
"Ստեղծվել է ծայրահեղ ոչ միանշանակ իրավիճակ: Եթե մենք փորձում ենք մեղմորեն ազդել քաղաքացիների վրա, մեզ մեղադրում են թուլության մեջ, իսկ այն դեպքում, երբ սկսում ենք ավելի կոշտ գործել՝ բռնություն գործադրելու մեջ", - դժգոհել է Սարգսյանը։
Սարգսյանը նաեւ հաղորդել է, որ ոստիկանության շուրջ 100 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով։
Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության աշխատակիցները խիստ կերպով բերման են ենթարկում մի տղամարդու, ով առանց դիմակի է: Ընդդիմությունը իրավապահների նման գործողություններն անվանել է ոչ իրավաչափ ։ Այս միջադեպին արձագանքել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով քննադատել է ոստիկանության աշխատակիցների այս արարքը։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ից Հայաստանում պարետի որոշմամբ անհրաժեշտ է դիմակ կրել, նույնիսկ, բաց տարածքում։ Բացառություն են կազմում միայն մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև դիմակների կրումը պարտադիր չէ հեծանվավազքի ժամանակ և սպորտով զբաղվելիս։