Արմինֆո. 2018 թվականից սկսած, երբ երկրում նոր կառավարություն է ձևավորվել, Հայաստանը չի մասնակցել երրորդ երկրների հետ զենքի ապօրինի գործարքներին։ Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Փոխնախարարն ընդգծել է, որ "Լիցենզավորման մասին" օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, սահմանվում են ռազմական արտադրանքի ներմուծման, տարանցման, արտադրության, ինչպես նաեւ արտահանման հետ կապված իրավական հարաբերությունները: Այս փոփոխությունները կատարվել են այն պատճառով, որ Հայաստանի միջազգային իմիջը նվազել էր որոշակի գործարքների իրականացման հետ կապված։ Այս ամենից հետո կառավարությունը որոշում է կայացրել կարգավորել այս իրավիճակը", - ընդգծել է Բալայանը, սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործարքների մասին է խոսքը։ "Նման բոլոր խոսակցություններն այսօր ունեն քաղաքական ենթատեքստ, դրանք, պարզապես, քաղաքական շահարկումներ են", - ընդգծել է նա:
Բալայանը նաեւ ընդգծել է, որ պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանը, ով նախկինում զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, չի մասնակցել ապօրինի գործարքների: "Չի կարելի բացառել, որ սպառազինությունների գնման գործընթացում կարող էին որոշակի բացթողումներ լինել։ Ես հույս ունեմ, որ քննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանը", - եզրափակել է Բալայանը ։
Հավելենք, որ Սերժ Սարգսյանի՝ քննությունից թաքնվող փեսան՝ Միքայել Մինասյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, թե, իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Ռուսաստանից գնված զենքի վերավաճառքը երրորդ երկրներ: Մինասյանն իր ելույթում անդրադարձել է նաև գործարար Դավիթ Գալստյանին, որի միջոցով իրականացվել են այդ գործարքները։ ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ-ին հանձնարարել է ուսումնասիրել Մինասյանի նշած բոլոր տվյալներն ու մանրամասները: