Արմինֆո. Հայաստանում կարգելվի արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հանրաքվեների անցկացումը։ Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել <Հանրաքվեի մասին> սահմանադրական օրենքում:
Ինչպես նշել է ներկայացված փաստաթղթի հեղինակ, ԱԺ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ՀՀ Սահմանադրության դրույթների համաձայն, արգելվում է հանրաքվեներ անցկացնել արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում: Այն պետք է կայանա դրանց վերացումից հետո՝ ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո։ Պատգամավորը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար, որով նախատեսվում էր լուծել Սահմանադրական դատարանի խնդիրը, ամեն ինչ պատրաստ էր, սակայն հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, և հանրաքվեն չէր կարող կայանալ: <Միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ։ Մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը կառավարության և ԿԸՀ ներկայացուցիչների հետ։ Այսպիսով՝ առաջարկվում է, որ Ազգային ժողովը կարող է չեղարկել հանրաքվեի անցկացման մասին խորհրդարանի ընդունած որոշումը ։ Կցանկանայի ընդգծել, որ նման որոշում խորհրդարանը կարող է ընդունել միայն արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ։ Եթե խորհրդարանը նման որոշում չընդունի, ապա տեղի կունենա հանրաքվեի գործընթացի վերսկսում>, - հայտարարել Է Հովակիմյանը ։
Հովակիմյանը նշել է, որ հանրաքվեի չեղարկման գլխավոր նպատակը քաղաքացիների առողջության պահպանումն է: <Մենք զգուշանում ենք կորոնավիրուսի համավարակից, որն ընդգրկել է ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ ողջ աշխարհը ։ Մենք մտադիր չենք վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը, մեզ համար կարեւորը մեր քաղաքացիների առողջության պահպանումն է>,-եզրափակել է պատգամավորը: