Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին։ Այսօր այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով նախօրեին Ադրբեջանի նախագահի արած այն հայտարարությանը, թե աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում։
Facebook-ի իր էջում դիմելով Ալիևին՝ Հարությունյանը հարց է տվել. "Այսինքն, դուք ուզում եք հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցո՞վ: Պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ հավաստիացնել, որ արդյունքները մեզ համար ակնհայտ են"։ Արցախի նախագահը վստահեցրել է, որ արդյունքները կլինեն նույնը, ինչ՝ 1994 թվականին: "Երբեք չհամարձակվեք մեզ հետ խոսել ուժի լեզվով", - ընդգծել է Հարությունյանը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է տեղահանվածների հետ։ Նա մասնավորապես հայտարարել է, թե աշխարհում ուժի գործոնը առաջին պլան է մղվում։ "Միջազգային իրավունքը, մեր ռազմական հզորությունը եւ, միեւնույն ժամանակ, տնտեսական գերազանցությունը, իհարկե, հիմնական դեր կխաղան մեր հողերի ազատագրման գործում", - ընդգծել Է Ադրբեջանի նախագահը: Նա նաեւ նշել է, թե հակամարտության այլ տարբերակ, բացի փուլայինից, չկա։ "Մեր նպատակը, մեր գլխավոր նպատակը մեր ինքնիշխանությունն ամբողջությամբ և վերջնականապես ապահովելն է, և մենք դա կանենք ։ Թող ոչ ոք չկասկածի։ Մենք պարզապես պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը ՝ խնդիրը լուծելու համար", - ընդգծել է Ադրբեջանի նախագահը ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ