Արմինֆո.Ինձ համար, որպես տարիներ շարունակ փողոցում գտնված մարդու, շատ կարևոր է քաղաքացիների ցանկացած բողոք կառավարության շենքի, իշխանության ցանկացած մարմնի մոտ։ Ցանկացած բողոք՝ ուղղված ինձ կամ իմ ընկերներին եւ գործընկերներին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը։
"Ընդ որում, չեմ կարծում, որ Սյունիքի նման բողոքի ակցիաները կարող են իշխանության համար վտանգ ներկայացնել։ Ես չեմ հասկանում, թե տարիներ շարունակ մեր երկիրը թալանած մարդիկ ինչ են մտածել։ Սրբեր ձևացող մարդիկ, որոնք "լայվերի" ընթացքում հեքիաթներ են պատմում։ Նրանք ակնկալում են, որ հասարակությունը պաշտոնանկ կանի կառավարությանը և իշխանության կվերադարձնի գողերին ու ժուլիկների՞ն։ Այնպես որ, դա չի լինի: Նույնիսկ՝ հույս չունենաք: Այո, մենք սխալներ ենք թույլ տալիս, թերություններ ունենք, այո, դանդաղում ենք։ Բայց մենք ազնիվ ենք մեր ձգտումներում, սիրում ենք Հայաստանը և այն հանցագործներին չենք վերադարձնի որևէ ճանապարհով՝ միայն ընտրությունների միջոցով",- ընդգծել է պատգամավորը։
Սյունիքի բողոքի բուն պատճառները Պողոսյանը կապում է քրեական գործի շրջանակներում իրավապահների գործողությունների հետ ։ Այս լույսի ներքո նա նշել է բերման ենթարկված անձանց նկատմամբ ծանր հանցագործություններ կատարելու կասկածները: Խորհրդարանականը "Սյունիքի" գործի համատեքստում նշել է հանցագործությունները բացահայտած ոստիկանության լավ աշխատանքը և Քննչական կոմիտեի մասնակի բացթողումները: Նրա խոսքով ՝ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը մոտ մեկ ամիս հետեւում է Սյունիքի իրադարձություններին, եւ այդ ընթացքում Ոստիկանությունը մարզում հսկայական աշխատանք է կատարել։
"Դեպքի մասին ՔԿ-ի ուշացած իրազեկումն էր, որ տարբեր շահարկումների առիթ տվեց։ Մինչդեռ հայտնի խմբերը նման առիթները երբեք բաց չեն թողնում։ Իսկ անհրաժեշտության դեպքում դրանք հնարում են, աղմուկ բարձրացնելով, բառացիորեն, ոչնչից՝ իրենց "ակտիվիստների" և սեփական լրատվամիջոցների միջոցով ։ Իրականում՝ Սյունիքի խնդիրն ավելի խորն է, քան դա ներկայացվում է։ Եվ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու տեղի ունեցած հանցագործությունների և դրանց հեղինակների բացահայտմանն ուղղված քննության աշխատանքներին ", - համոզված է խորհրդարանականը։
Անցած կիրակի ոստիկանության կողմից երեք քաղաքացիների ձերբակալությունը բողոքի խոշոր ակցիա էր առաջացրել, որը, փաստացի, կազմակերպել էր Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Վերջինս պահանջել է ազատ արձակել իր ընկերներին՝ իշխանություններին մեղադրելով քաղաքական հետապնդումների մեջ։ Նշենք, որ Փարամազյանը անցյալի կադր է. նա քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին։ Սյունիքում իրավիճակը դեռ լարված է։ Անցած կիրակի տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին խնդիրների մի ամբողջ շերտ, այդ թվում՝ իրավապահ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակի հետ կապված։