Արմինֆո. Ռամիլ Սաֆարովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը: Այդ մասին մայիսի 26-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Պատգամավորը նշել է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովի ոճրագործությունը գնահատվել է որպես էթնիկ հողի վրա կատարված հանցագործություն և վերահաստատում է հայկական կողմի բազմիցս հնչեցրած կենսաբանական անվտանգության թեզը: Ինչպես ընդգծվել է, Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական անձինք բացեիբաց գովաբանում և խրախուսում էին Սաֆարովին՝ տեղի երիտասարդներին կոչ անելով նրանից օրինակ վերցնել։ "Ինչ բազմամշակութայնության մասին կարող է խոսք լինել, երբ հերոսների շարքն են դասվում էթնիկ հողի վրա սպանություն գործող անձինք: Կենսաբանական անվտանգությունը մեր կարեւորագույն խնդիրն է, եւ այստեղ ոչ մի զիջում չի կարող լինել", - հայտարարել է Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին մասնակցելլլու համար Բուդապեշտ գործուղված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը արտահանձնվեց հայրենիք: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր ստորագրեց նրան ներում շնորհելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարդասպանին վճարել է նրա անազատության մեջ գտնվելու ողջ ընթացքում կուտակված աշխատավարձը, (ավելի քան 8 տարի), նրան տրամադրել է բնակարան եւ մայորի կոչում է շնորհել: Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:
Ըստ ՄԻԵԴ-ի որոշման, որը հրապարակվել Է դատարանի կայքում, Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան' ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին: Դատարանի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ գործը վերաբերում է ոչ միայն արտահանձնված կալանավորի ազատ արձակմանը, այլեւ նրա հերոսացմանը: Մինչդեռ Սաֆարովի մասնավոր գործողություններում եղել են բռնության աղաղակող դրսևորումներ, որոնք բնորոշ չեն զինվորական սպային։ Ըստ դատարանի որոշման՝ Ադրբեջանը խախտել է հունգարական դատարանի որոշումը պատշաճ ապահովելու իր ստանձնած պարտավորությունները։ Վերջում ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 15 143, 33 Ֆունտ ստեռլինգ վճարել հայցվորներին (Մարգարյանի իրավահաջորդներին)՝ որպես փոխհատուցում և դատական ծախս: