Արմինֆո. ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի մոդելը ենթադրում է ՍԴ 9 դատավորի լիազորությունների 12-ամյա ժամկետ, իսկ դատավորների կողմից ընտրված ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը՝ 6 տարի։ ԱրմԻնֆո-ին այպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" դաշինքից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ջուլհակյանը։
"Սակայն, չնայած Սահմանադրության 7-րդ գլխում այս բավականին ժողովրդավարական մոդելի առկայությանը, նախկին իշխանությունները, տարբեր աճպարարություններով, անցումային դրույթներում սահմանել են կետ, որը թույլ է տալիս Սահմանադրական դատարանի 7-րդ գլխով նախատեսված մոդելը կյանքի կոչել միայն 2035 թվականին։ ԱԺ-ում քվեարկության միջոցով նախատեսվող փոփոխությունների ողջ իմաստն այս մոդելի իրագործումն է ոչ թե 2035 թվականին, այլ անմիջապես։ Եվ իրավական իմաստով այդ փոփոխությունները, անշուշտ, բխում են Սահմանադրությունից և կոչված են Սահմանադրության իրագործմամբ", - ընդգծել է նա։
Ջուլհակյանը նշել է, որ հիմնական օրենքի 7-րդ գլխում արձանագրված փոփոխությունը չի իրականացվել 213-րդ հոդվածի անցումային դրույթների պատճառով: Վերջինս, ըստ նրա, գրվել է ապագա աճպարարությունների նպատակով, որոնք թույլ են տալիս ՍԴ-ն ղեկավարել բացառապես "յուրայինով" և, համապատասխանաբար, այն պահել իշխանությունների վերահսկողության տակ։
Մեկնաբանելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաստաթղթի հեռանկարները՝ խորհրդարանականը նշել է, որ նախագիծն ուղարկվել է հանձնաժողովի խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Ջուլհակյանը բացառել է հանձնաժողովի կողմից ՍԴ-ի շուրջ ճգնաժամի հանգուցալուծման այս ճանապարհը ոչ իրավական ճանաչելու հնարավորությունը։ Այդ թվում՝ ելնելով այն հանգամանքից, որ այս մոդելը Վենետիկի հանձնաժողովի հավանությանն է արժանացել դեռևս 2015 թվականին։
"Նշեմ, որ Հայաստանում մեզ արդեն մեղադրում են սահմանադրական հանրաքվեի միջոցով այս խնդիրը լուծելու անկարողության մեջ։ Ընդ որում, մեղադրում են այն մարդիկ, ովքեր մեզ բոլորովին վերջերս մեղադրում էին քարոզարշավի կազմակերպման համար։ Ընդ որում, այն ժամանակ, երբ Հայաստանում կար կորոնավիրուսով վարակված ընդամենը մեկ մարդ։ Իսկապես շատ ծիծաղելի է թվում, երբ նույն մարդիկ հասարակությանը համոզում են, որ իշխանությունը հրաժարվել է հանրաքվեից՝ սեփական ուժերին չհավատալու պատճառով։ Մենք պետք է արձանագրենք, որ 7 հազարից ավելի վարակվածների առկայության պայմաններում հանրաքվեի անցկացումն անհնար է։ Սա փաստ է, որից խուսափել հնարավոր չէ", - ամփոփել է պատգամավորը։
Ավելի վաղ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով մի քանի հարց էր ուղղել, որոնք վերաբերում են 2015 թվականի հանրաքվեով նախատեսված, սակայն Սահմանադրական դատարանի չիրականացված մոդելին: Հայաստանն ակնկալում է հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունը՝ Սահմանադրական դատարանի լուծարման հանրաքվեին այլընտրանքային մեխանիզմի վերաբերյալ։ Հանրաքվեն նախատեսված էր 2020 թվականի ապրիլի 5-ին։ Փոփոխությունների նախագիծը նախատեսում էր սահմանադրական դատարանի նախագահի եւ 7 անդամների լիազորությունների դադարեցում, որոնք նշանակվել էին մինչեւ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: