Արմինֆո. Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խիստ է արձագանքել Չեխիայի Սենատի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձեւի ընդունմանը, որը դատապարտում է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության դեմ իրագործված հանցագործությունները, այդ թվում' Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 20-ին այս փաստաթղթի ընդունումը կրկին վկայում է այն մասին, որ Չեխիայում պահպանվում է "այլասերված մենթալիտետը, որը հենվում է անհիմն միակողմանի փաստարկների վրա", որոնք դեռևս 2017 թվականին վնաս են հասցրել երկկողմ հարաբերություններին։
Գերատեսչությունում նշել են, որ Covid-19 պանդեմիայի ամենաթեժ պահին հիշյալ փաստաթղթի ընդունումը փոքրաթիվ սենատորների ներկայությամբ մատնանշում է "այդ քայլի նենգ էությունը": Ընդ որում, Անկարայում համոզված են, որ 1915 թվականի իրադարձությունները կարող են միայն պատմական բանավեճի առարկա լինել, մատնանշելով դրանց այլ երանգ տալու փորձերի ապարդյուն լինելը, հավելելով, որ դա արտացոլվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015 թվականի համապատասխան որոշման մեջ եւ հաստատվել է տվյալ ատյանի 2017 թվականի երկրորդ համանման դատավճռով:
"Պատմական հարցը քաղաքական նպատակների համար օգտագործելու որոշակի շրջանակների փորձերն անընդունելի են։ Մենք հուսով ենք, որ նրանք, ովքեր պատմության միակողմանի տեսլական ունեն, հաշվի կառնեն նախագահ Էրդողանի ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքի Պատրիարքին ուղղված նամակում արտահայտված ընդհանուր ցավի ոգին", - նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
Միևնույն ժամանակ, Անկարայում Չեխիայի Սենատին կոչ են արել հարգել Լոզանի հաշտության պայմանագրի դրույթները, միջազգային դատարանների որոշումները, ինչպես նաև միջազգային իրավունքի պատմական և ժամանակակից աղբյուրները։ "Այս որոշումը, որը Թուրքիայի համար ոչ մի նշանակություն չունի, ոչ այլ ինչ է, քան այն մարդկանց անօգուտ ջանքերի արդյունք, ովքեր փորձում են պատմությունը վերաշարադրել ի շահ այսրոպեական շահերի", - շարունակել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Ամփոփելով՝ գերատեսչությունում նշել են, որ Անկարայում ի գիտություն են ընդունել Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկի մեկնաբանությունը, որը հայտարարել է, որ բանաձեւը չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը:
Հավելենք, որ վերոնշյալ բանաձևի նախաձեռնողը Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխն է ։
Նշենք նաև, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 2017թ. ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեեմանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նրա համոզմամբ, Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակների վատթարագույն վայրագություններից մեկն է։