Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հետեւում է կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների ցուցումներին: Այդ մասին մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դիվանագետը հավելել է, որ դեսպանատան աշխատակիցները չեն տեղաշարժվում առանց պաշտպանիչ միջոցների եւ հետեւում են պարետատան բոլոր հրահանգներին: Նա նաաեւ փաստել է, որ դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը համավարակի պայմաններում ՝ նվազագույն թվով աշխատակիցների ներգրավմամբ, սակայն, ձգտելով ապահովել ամբողջ համակարգի լիարժեք գործունեությունը:
Խոսելով համավարակի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հետ փոխգործակցության մասին՝ Թրեյսին նշել է, որ Հայաստանին լրացուցիչ 1 մլն դոլար կտրամադրվի Առողջապահության համաշխարհային հիմնադրամի միջոցով, եւ այդպիսով ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կհասնի 5,4 մլն դոլարի: Նրա խոսքով՝ միջոցները կուղղորդվեն Հայաստանի լաբորատոր հնարավորությունների ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսային վարակով ծանր հիվանդների բուժման ապահովմանը:
Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն մշտապես աջակցել է Հայաստանի առողջապահական համակարգին, եւ անցած 20 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի գծով շուրջ 106 մլն դոլար է ուղղորդվել այդ ոլորտի հնարավորությունների ամրապնդմանը, այդ թվում' հանրապետության գյուղական բնակավայրերում ամբուլատոր հաստատությունների 2/3-ի արդիականացմանը: Նրա խոսքով՝ 2019 թվականի հոկտեմբերից Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցություն է ընթանում արտակարգ դրության պայմաններում հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ։ Թրեյսին արձանագրել է, որ այդ փոխգործակցության շնորհիվ ՀՀ-ում 8000 անապահով ընտանիք ապահովվել է հիգիենայի և առաջին անհրաժեշտության միջոցներով: Նա, միեւնույն ժամանակ, տեղեկացրել է, որ այլ բնագավառներից եւս 1.2 մլն դոլար վերաուղղորդվել է Հայաստանին՝ գյուղական վայրերում փոքր բիզնեսի ներկայացուցիչներին փոքր դրամաշնորհներ տրամադրելու համար:
ԱՄՆ դեսպանը նաեւ բարձր է գնահատել Հայաստանի կառավարության թափանցիկ եւ բաց գործունեությունը համաճարակի պայմաններում: Նրա խոսքով ՝ նման գործելաոճն ամրապնդում է հասարակության վստահությունն իշխանությունների նկատմամբ։