Արմինֆո. ԱՄՆ շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի: Այդ մասին մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։
Ամերիկացի դիվանագետը նաեւ փաստել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներից մեկն է: "Մենք ձգտում ենք կառուցողական գործունեություն իրականացնել միջնորդական առաքելության շրջանակներում։ Կշարունակենք հավատարիմ մնալ այդ բազմամյա հակամարտության լուծման պարտավորություններին", - ասել է Թրեյսին։
Նա նաեւ հավելել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում էլ շարունակվում է բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, անցկացվում են տեսակոնֆերանսներ, այդ թվում ՝ հակամարտության կողմերի ներգրավմամբ: "Մեր խնդիրը, որպես համանախագահ, երկարաժամկետ խաղաղության հաստատումն է", - եզրափակել է Թրեյսին:
Ապրիլի 21-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, նշել էր, որ գոյություն ունեն հակամարտության կարգավորման տարբեր նախագծեր, սակայն այժմ ակտիվորեն քննարկվում են նախագծեր, որոնք տարածվել էին մեկ տարի առաջ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ համանախագահների մասնակցությամբ: "Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում", - ամփոփել էր նա: