Արմինֆո. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները տուժել են Էջմիածին քաղաքի <Զվարթնոց> թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով։ Այս տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էջմիածնում այրվել է <Մազդա> մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, երեքը ՝ վիրավորվել:
ՀՀ ԱԻՆ համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ ժամը 16:51-ին։ Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հրդեհ է բռնկվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Աշոտ Շ․-ն (ծնված 1962 թ.), Պավել Թ․-ն (ծնված 1963 թ.) և Գևորգ Հ․-ն (ծնված 1984 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Վաղարշապատի ԲԿ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Ք․-ի (ծնված 1963 թ.) այրված դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:16-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։