Արմինֆո.Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 17-ը տեղի ունեցած բազմաթիվ ապօրինությունների մասին:
Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության համաձայն ՝ նշված ժամանակահատվածում տասնյակ խուզարկություններ են կատարվել "Գալաքսի" ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների եւ մտերիմների, ինչպես նաեւ նրա հետ որեւէ կապ ունեցող անձանց բնակարաններում եւ շինություններում՝ բացահայտ խախտումներով, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել ԱԱԾ խուզարկությունների եւ գործողությունների միջնորդությունների իրավաչափության վերաբերյալ: Փաստաբանները նաև փաստում են, որ խուզարկություններ կատարելու նախնական մոտ 10 միջնորդություններ մասամբ բավարարվել են կոնկրետ դատավորի կողմից՝ բացառապես Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու թույլտվությամբ: Սակայն քրեական հետապնդման մարմինները փոխանակ բողոքարկելու դատարանի այս որոշումը Վերաքննիչ դատարանում, մի քանի րոպե անց դատարան են ուղարկել նույն միջնորդությունը, որն ուղարկվել էր "ցանկալի դատավորին", իսկ նա բավարարել է ԱԱԾ միջնորդությունը։
Խաչատրյանների պաշտպանությունը վստահեցնում է, որ այս քրեական գործով նույնիսկ դատարանները չեն հանդիսանում անօրինական գործողությունները զսպող հուսալի մեխանիզմ։ "Մեկ շաբաթվա ընթացքում Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում իրականացվում է խուզարկությունների արդեն երկրորդ ալիքը, որի ժամանակ ակնհայտ ավելացել են ապօրինությունները. խուզարկություններին արդեն ներգրավվում են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները: Սկսվել է նաեւ բնակարանի պատերին կախված նկարների առգրավումը, որոնց առգրավման թույլտվություն դատարանները չեն տվել: Այսինքն, միջնորդությունները ներկայացվում են դատարան ՝ կոնկրետ առարկաներ հայտնաբերելու նպատակով, սակայն դատավարական գործողություններ իրականացնող մարմնի կամայական ցանկությամբ վերցվում են բոլորովին այլ առարկաներ, ինչն ակնհայտորեն անօրինական է", - նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը, հավելելով, որ այդ կերպ դատավարական գործողություններ իրականացնող մարմինը նաաեւ իմաստազրկում է միայն դատարանի որոշմամբ բնակարանում խուզարկություն կատարելու սահմանադրական պահանջը։
Փաստաբանական խումբը հայտարարում է, որ Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամները սպասում են ԱԱԾ աշխատակիցների նոր այցերին և պատրաստ են նրանց հանձնել բնակարանում առկա կահույքն ու կահկարասին:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, որը "Գալաքս" ընկերությունների խմբի համահիմնադիրն է եւ «Յուքոմի» տնօրենների խորհրդի նախագահը, մեղադրվում է կաշառք փոխանցելուն օժանդակելու եւ կոռուպցիոն բնույթի գործողություններ կատարելու համար։ Նրա նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում եւ հայտարարվել է հետախուզում։