Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ստորաբաժանումներում բազմաթիվ հերթերի կապակցությամբ:
Այսօր համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում, մասնավորապես, երևում են ճանապարհային ոստիկանության կենտրոնական բաժանմունքի դիմաց հսկայական հերթեր։ Համացանցի օգտատերերին զայրացրել է այն հանգամանքը, որ, չնայած դիմակների եւ ձեռնոցների առկայությանը, քաղաքացիները սոցիալական հեռավորությոն չեն պահպանել: Դրանից հետո ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30: Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիներին կոչ ենք անում հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, կուտակումներ չստեղծել, պահպանել սոցիալական հեռավորություն»: