Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովն իր գործունեությունը կավարտի հունիսի 4-ին: Այդ մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը նշել է, որ հանձնաժողովը բավական տեղեկություններ է հավաքել ապրիլյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ հանձնաժողովի հիմնական խնդիրներից մեկն է առաջիկայում որակյալ զեկույց պատրաստել իրենց բացահայտած հանգամանքների եւ իրադարձությունների վերաբերյալ:
"Կարծում եմ, հիմա հանձնաժողովի մոտ բավականաչափ տեղեկություններ են հավաքվել 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Զեկույցը տրամադրվելու է Ազգային ժողովին, երկրի ղեկավարությանը, իսկ հետո մենք պատրաստ կլինենք բոլոր նյութերը ներկայացնել հանրության դատին ։ Զեկույցը խորհրդարան կներկայացվի ընթացիկ տարվա սեպտեմբերից ոչ շուտ", - ընդգծել է Քոչարյանը։
Նշենք, որ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: Հանձնաժողով են ներկայացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչդեռ, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ: