Արմինֆո.Համաձայն 2020 թվականի մարտական պատրաստության պլանի ՝ ադրբեջանական բանակը ձեռնամուխ է եղել լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքը, զորավարժությունների շրջանակներում կմշակվեն՝ մարտական պատրաստվածության, գործողությունների պլանավորման և համակողմանի ապահովման հարցեր, զորքերի տարբեր տեսակների կառավարման մարմինների փոխգործակցություն, ինչպես նաև կփորձարկվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված մարտական խմբավորումների կրակային և մանևրելու հնարավորությունները: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է՝ ընտրված ուղղություններով զորքերի օգտագործումը, հրթիռային ուժերի և հրետանու կողմից զանգվածային հարվածների կիրառումը,ավիացիայի ռումբային և գրոհային հարվածներ, ինչպես նաև գերճշգրիտ միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքավորման ամբողջ խորությամբ։
Զորավարժություններին կմասնակցեն՝ մինչև 10,000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 200 հրթիռային և հրետանային կայանք, համազարկային կրակի հրթիռային համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր բանակային և ռազմաճակատային ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ում արդեն արձագանքել են Ադրբեջանի ԶՈՒ այս զորավարժություններին ՝ վերջիններիս մեղադրելով միջազգային պայմանավորվածությունները խախտելու մեջ, այդ թվում ՝ նման մասշտաբային զորավարժությունների անցկացման մասին նախնական ծանուցման մասով: Հայկական կողմը Ադրբեջանին նախազգուշացրել է զերծ մնալ այդ զորավարժությունների ժամանակ Հայաստանի եւ Արցախի հետ սահմանին հնարավոր սադրանքներից։