Արմինֆո.Ժամանակին Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ իմ տեսակետը համընկնում էր որոշ քաղաքական ուժերի դիրքորոշման հետ ։ Այս մասին մայիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել։
<Պարզապես, երբ որ եկել են վճռական պահերը և դրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները, և այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ, և մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ։ Ամենակարևոր ժանապարհը 2018 թվականի մարտի 31-ին սկսած ճանապարհն է, և այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել: «Հայ ազգային կոնգրես»-ի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ եղած տարաձայնությունների պատճառով: «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ որ «Ելք» խմբակցությունում քննարկում էին, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում ու քայլարշավ սկսենք, և այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական, հայեցակարգային տարաձայնություններ: Ընդհանուր առմամբ կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով՝ Հայաստանում կյանքը փոխելու մեթոդի բանաձևի առումով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները>,- ասել է վարչապետը։
Վարչապետն անդրադարձել է նաև որոշ լրագրողների և լրատվամիջոցների հետ իր հակասություններին։ <Երբ ես լրագրող էի աշխատում, իմ գործունեությունը շատ կարևոր գաղափարական և քաղաքական բաղադրիչ ուներ իր մեջ։ Ես լրագրողական գործունեությունն ընկալում էի՝ որպես քաղաքական գործունեության մաս ։ Եվ մի շարք լրագրողներ ինձ որպես լրագրող չէին ընկալում ։ Իսկ հիմա ես լրատվամիջոցների հետ շփվում եմ՝ որպես պետության ղեկավար ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով>, - նշել է Փաշինյանը։