Արմինֆո. Միքայել Մինասյանի կողմից <Լուսավոր Հայաստանի> համակարգման մասին պնդումները բացարձակ սուտ են, իսկ մարդիկ, ովքեր նման պնդումներ են անում, անմեղսունակ են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Լուսավոր Հայաստան> խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
<Լրագրողների մասնագիտական պարտքն եմ համարում նման սենսացիաների հեղինակներից պահանջել հաստատող փաստեր։ Այստեղ տեղին է հիշեցնելը, որ այդ սուտը բնավ չխանգարեց նույն Նիկոլ Փաշինյանին մեզ հետ <Ելք> դաշինք կազմել, որովհետև գիտեին, որ իրենք են դա հորինել դեռևս 2016թ. Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ>, - ասել է պատգամավորը։
Գորգիսյանի խոսքով ՝ <Լուսավոր Հայաստան> - ը միշտ փորձել է կառուցողական լինել, խորհրդարանում ներկայացրել է դեռեւս <Ելք>- ի մյուս կուսակցությունների հետ համագործակցությամբ ստեղծված նախագծերը: Սակայն, դառնալով քաղաքական մեծամասնություն՝ <Քաղաքացիական պայմանագրի> անդամները զարմանելիորեն արագ մոռացան այդ նախաձեռնությունների մասին ։ Եվ այսօր նրանք ոչ միայն մերժում են դրանք, այլև դաշինքի նախկին գործընկերներին կոշտ որակումներ են տալիս՝ ընդհուպ ազգի դավաճաններ։
<Մերժվում են անգամ սահմանադրական փոփոխությունների, վեթինգի մասին եւ այլ օրինագծեր խորհրդարանի օրակարգ մտցնելու մեր փորձերը: Ցանկացած քննադատություն ընդունվում է՝ որպես անձնական թշնամանքի դրսեւորում: Եվ իր մեջ ագրեսիա գեներացնելով ՝ <Իմ քայլից> գործընկերները իրավիճակը հասցրին մի մակարդակի, երբ այլևս ընդդիմախոսությունը դիտարկում են որպես բարոյական և հոգեբանական բռնություն ու պատրաստ են դրան դիմակայել բռունցքներով>,- նշել է նա ։
Նման իրավիճակում <Լուսավոր Հայաստանի> պատգամավորների ներկայությունը խորհրդարանում, Գորգիսյանի համոզմամբ, լարվածություն է ստեղծում։ Եվ իշխող մեծամասնության՝ տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ սեփական մեղքի գիտակցության բացակայության պայմաններում այն անպայման կկրկնվի։ Նրա գնահատմամբ ՝ <քայլող> մեծամասնության մոտ հիմա անպատժելիության մթնոլորտ է տիրում, ինչի հաջորդ քայլը շատ ուժեղ բռնապետություն ստեղծելու փորձն է լինելու։
<Սակայն, գործընկերների համար վատ նորություն ունենք. մենք դա թույլ չենք տա ։ Նրանց տրամաբանությամբ ստացվում է, որ նրանք կարող են ծեծել ցանկացած մեկին, ում կարծիքի հետ իրենք համաձայն չեն, և նրան մեղադրել սադրանքի մեջ ։ Եթե մեր գործընկերներն իրենց քաղաքականությունն այս կերպ են պատկերացնում, ապա ես նրանց համար երկրորդ վատ լուր ունեմ ՝ նրանք այլևս անելիք չունեն քաղաքականության մեջ ։ Հասարակություն շատ լավ տեսնում է, թե ինչպես է իշխանությունը՝ ընդհուպ վարչապետը, հերքում ակնհայտ տեղի ունեցածը։ Եվ իշխանությունն, ի վերջո, պետք է գիտակցի դա>, - ամփոփել է խորհրդարանականը։