Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության փաստի կապակցությամբ։
<Նման դեպքերը պահանջում են անհապաղ արձագանք: Ընդ որում, անհրաժեշտ է բացառապես պրոֆեսիոնալ աշխատանք ու որքան էլ բարդ է զայրույթը զսպելը, չպետք է տրվել էմոցինաների: Մենք ընդամենը 2 օրում հասցրինք իրականացնել փաստահավաք աշխատանքներ ու կազմել արտահերթ զեկույց հետևյալ հիմնական հետևություններով՝
1) գնդակոծությունը տեղի է ունեցել քաղաքացիական խաղաղ բնակավայրի, այն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ՝ ցերեկային ժամի՝ 13:00-14:00-ի սահմաններում.
2) գնդակոծությունը տեղի է ունեցել խոշոր տրամաչափի զինատեսակի կիրառությամբ.
3) գնդակոծությունն առաջացրել է վախ երեխաների և անհանգստություն նրանց ծնողների մոտ.
4) գնդակոծությունն առաջացրել է երեխաների ծնողների անհանգստությունը՝ նման միջադեպի անկանխատեսելիության և անորոշության պատճառով.
5) նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի համընդհանուր կանոններն ակնհայտորեն վկայում են գնդակոծությամբ Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրին՝ Բերքաբեր գյուղին և գյուղի բնակիչների կյանքին և առողջությանը, նրանց գույքին վնաս հասցնելու մտադրության մասին.
6) գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների կյանքի ու առողջության, նրանց գույքի համար ակնհայտ վտանգավոր եղանակով.
7) 2020 թվականին Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու արդեն իսկ արձանագրված մի շարք դեպքերը վկայում են դրանց կրկնվելու իրական վտանգի մասին:
Արտահերթ զեկույցի տեքստը հետևյալ հղունով՝ https://www.ombuds.am/images/files/3ff58649bbcea465c4ffaa1c1e5d678c.pdf >,- տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։