Արմինֆո.«Վերին Լարս» անցակետում արգելափակված ՀՀ քաղաքացիների խնդրով պետք է զբաղվի ԱԳՆ-ը։ Այդ մասին մայիսի 14-ին խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նաեւ հայտարարել է, թե քաղաքացիները իրազեկված են եղել, որ ռուս-վրացական եւ վրաց-հայկական սահմանները փակ են: «Պետք է հասկանալ, որ եթե մենք բացառություն անենք այնտեղ մնացած քաղաքացիների համար, դա նախադեպ կդառնա», - ընդգծել է պարետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, Ռուսաստանում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ որոշել են Ռուսաստանից վերադառնալ սեփական ավտոմեքենաներով՝ Վրաստանի տարածքով: Նրանք կարողացել են ինչ-որ կերպ հատել ռուսական սահմանը «Վերին Լարս» անցակետով, սակայն վրացական կողմը հրաժարվել է նրանք բաց թողնել՝ դեռեւս մարտի 16-ին օտարերկրացիների համար սահմանված սահմանափակումների պատճառով: Մարդիկ մնացել են Վրաստանի եւ Ռուսաստանի միջսահմանային գոտում։ Նրանց այցելել են Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները։ Նրանք ստիպված են եղել վերադառնալ Ռուսաստանի տարածք։