Արմինֆո. Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։
Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։
Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։
Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։ Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։
<Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։ Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ>,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։