Արմինֆո.Չնայած արտակարգ դրության ռեժիմի որոշ թուլացումներին, այնուամենայնիվ, խստացվելու են զանգվածային միջոցառումների անցկացման պայմանները։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ զանգվածային միջոցառումներին քաղաքացիների մասնակցության առավելագույն թույլատրելի շեմը 20 հոգուց կկրճատվի մինչեւ հինգը։ Այդ պայմանը կտարածվի նաև կրոնական ծառայությունների վրա։
Փոխվարչապետը տարեց քաղաքացիներին կոչ է արել չլքել իրենց բնակարանները, իսկ դուրս գալու դեպքում պարտադիր օգտագործել բժշկական դիմակներ, քանի որ քաղաքացիների այդ խումբն առավել խոցելի է կորոնավիրուսի հանդեպ: Նա հատկապես նկատել է, որ ամեն ինչ սկսվում է խանութներում հերթերի պարզունակ պահպանումից, որտեղ քաղաքացիները հաճախ մոռանում են անվտանգության միջոցների մասին։