Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ մայիսի 14-ին տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ: ԱԺ մամուլի ծառայությունը տարածել է Արարատ Միրզոյանի հայտարարությւոնը, որում ասվում է.
«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ»:
Նշենք, որ ապրիլի 14-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել եւս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ մարտի 16-ին հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ, որը պետք է ավարտվեր ապրիլի 14-ին, սակայն այն երկարացվել էր մինչեւ մայիսի 14-ը: