Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ մայիսի 18-22-ը տեղի կունենան ադրբեջանական բանակի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:
Ինչպես հայտնում է APA-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ-ն, զորավարժություններին կմասնակցեն մինչեւ 10 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Անցկացվող զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստության, գործողությունների պլանավորման եւ համակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների եւ զորատեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ կստուգվեն հարվածային խմբավորումների կրակային եւ մանեւրային հնարավորությունները:
Նախատեսվում է զորքերի կիրառում ընտրված ուղղություններով, հրթիռային զորքերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռմբակոծիչ հարվածներ, ինչպես նաև հակառակորդի զորքերի օպերատիվ կառուցվածքի ողջ խորության վրա սպառազինության մեջ գտնվող բարձրճշգրիտ միջոցների օգտագործում: