Արմինֆո. Մայիսի 13-ին Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչները փակել են «Նահատակ» պոչամբարի մատույցները' ի նշան բողոքի ընդդեմ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի՝ պոչամբարի շահագործումը շարունակելու ծրագրերի:
Ինչպես նշել են տեղի բնակիչները, «Նահատակ» պոչամբարը լեփ-լեցուն է և վաղուց պետք է փակվեր ու ռեկուլտիվացվեր։ Մինչդեռ, հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է երկարաձգել դրա շահագործման ժամկետները՝ ամբարտակի մակարդակը բարձրացնելու միջոցով։ Ցուցարարները պնդում են, որ պոչամբարի ամբարտակի բարձրացումն իրականացվում է հաստատված նախագծի բացակայության պայմաններում եւ հղի է պոտենցիալ ռիսկերով: Ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են պոչամբարի մատույցները բեռնատար տեխնիկայի համար։
Բնապահպանները տարիներ շարունակ ահազանգում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի տարածքում գտնվող «Նահատակ» պոչամբարի վիճակի մասին։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը, որի թափոններն մտնում են պոչամբար: Տեղացիները բազմիցս մատնանշել են դրա առողջապահական ռիսկերը եւ գյուղատնտեսական արտադրանքի վրա բացասական ազդեցությունը, որում արձանագրվում է ծանր մետաղների ՍԹԽ-ի գերազանցում (մասնավորապես, հարակից այգիներում աճող դեղձերում հայտնաբերվել է կապարի բարձր խտություն): Բացի այդ, ըստ "Էկոլուր" ՀԿ-ի, պոչամբարի թափոնները բազմիցս աղտոտել են մոտակա համայնքների ջրային եւ հողային ռեսուրսները: