Արմինֆո. Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որն ուղեկցվում է բանակցություններում փոխզիջումները մերժող դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է: Այս մասին ասվում է հրադադարի եռակողմ համաձայնագրի 26-ամյակի կապակցությամբ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։
<Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է>,- նշել է Նաղդալյանը։