Արմինֆո. ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը (ՀՀՎԿՄ) դատապարտում է քաղաքացիների կողմից բռնության կոչերը և հորդորում է ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից: Այդ մասին ասվում է ՀՀՎԿՄ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի շենքի դիմաց «Ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով բողոքի ակցիայից հետո:
«Վերջին շրջանում վարկային կազմակերպությունների գործունեության դեմ քաղաքացիների դժգոհության արտահայտումները ձեռք են բերում սպառնալից բնույթ և ուղեկցվում են վերջիններիս բնականոն գործունեությունը խոչընդոտել փորձող գործողություններով:
Վարկային կազմակերպություններն իրենց ուրույն տեղն ունեն ՀՀ ֆինանսական համակարգում և ապահովում են բնակչությանը միկրոֆինանսավորման տարբեր արագ պրոդուկտներով: Արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարման առումով ցուցաբերվել է անհատական մոտեցում, ձեռք են բերվել վարկերի մարման նոր պայմանավորվածություններ և կազմվել են թարմացված ժամանակացույցեր:
Անվերապահորեն ընդունելով քաղաքացիների կամարտահայտան իրավունքը և հասկանալով վարկային պարտավորությունների կատարման հետ կապված դժվարությունները, այնուհանդերձ կոչ ենք անում չտրվել սադրանքների՝ փոխարենը փորձել գործակցության եզրեր գտնել վարկային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ են կրկին ընդառաջել և ըմբռնումով մոտենալ իրենց վարկառուներին ստեղծված իրավիճակում», - ասվում է ՀՀՎԿՄ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական բանկի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել «Ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ ներկայացուցիչների հետ։ Նրանք բողոքում էին վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքներից, դժգոհում էին, որ ԿԲ-ից ոչ ոք չի ցանկանում իրենց հետ խոսել եւ պնդում էին վարկային ընկերությունների լիցենզիաների հետկանչի մասին: Մի քանի քաղաքացի բերման էր ենթարկվել, որոնք արդեն ազատ են արձակվել։