Արմինֆո.ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերին Տաշքենդում: Ինչպես հաղորդում Է ԱՊՀ գործկոմի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումն ընդունվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին
գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքում, որն Ուզբեկստանի նախաձեռնությամբ այսօր առաջին անգամ անցել է հեռակոնֆերանսի ռեժիմով: Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Մոլդովայի արտգործնախարար Օլեգ Ցուլը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Մուխրիդդինը, Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը, ինչպես նաև գործադիր կոմիտեի նախագահ - ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները շնորհավորանքներ են փոխանակել ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Ընդգծվել է ֆաշիզմի դեմ պայքարում համագործակցության երկրների ժողովուրդների ոգու անսասան տոկունությունը, անտեսանելի ուժը, ընդգծվել է պատերազմի և թիկունքի վետերանների հանդեպ անկեղծ հոգատարության դրսևորման, սեփական կյանքը հանուն խաղաղության զոհաբերածների հավերժական հիշողության պահպանման անհրաժեշտությունը:
Համագործակցության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության արդիական հարցեր, միջազգային և տարածաշրջանային գործերում կազմակերպության դերի և տեղի բարձրացման հեռանկարները, ինչպես նաև՝ կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական և տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում փոխգործակցության առկա և հաստատված բոլոր մեխանիզմների, կարանտինային սահմանափակումների պահպանումը, ինչպես նաև ԱՊՀ ազատ առևտրի գոտու լիարժեք գործունեությունը: Պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են կորոնավիրուսային համաճարակի հետեւանքները կանխելու գործում Համագործակցության մասնակից պետությունների ջանքերի միավորման արդիականությունը: Առանձին ուշադրություն է դարձվել ԱՊՀ երկրների տարածքում անվտանգության եւ կայունության ապահովման բնագավառում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ երկխոսության ամրապնդման, ինչպես նաեւ ներդրումների, տրանսպորտի, նորարարության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերին: Ընդգծվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ շահերի հաշվառման հիման վրա ՝ Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկեցության եւ կյանքի որակի բարձրացման նպատակով:
Նիստի արդյունքում ստորագրվել են համագործակցության տարբեր բնագավառներին առնչվող 11 փաստաթղթեր, օրակարգի բոլոր հարցերի շուրջ ընդունվել են փոխհամաձայնեցված որոշումներ: