Արմինֆո.Ոստիկանությունը ուժով հետ է մղել ՀՀ կենտրոնական բանկի շենքի դիմաց "Ոչ վարկային կազմակերպություններին" կարգախոսով բողոքի ակցիա անցկացնող մի քանի տասնյակ քաղաքացիներին: Մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպում էին պահանջում ԿԲ ներկայացուցիչների հետ: Նրանք բողոքում էին վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքներից, դժգոհում էին, որ ԿԲ-ից ոչ ոք չի ցանկանում իրենց հետ խոսել։ Նրանք պահանջում էին չեղարկել վարկային ընկերությունների լիցենզիաները:
Ավելի վաղ ցուցարարները կոչ էին անում արգելափակել Կենտրոնական բանկի դռները, իսկ, մյուս կողմից, բողոքում էին, որ ԿԲ-ում չեն ցանկանում իրենց ընդունել եւ լսել: Ոստիկաններից մեկը հաղորդել էր, որ ԿԲ-ում պատրաստ են ընդունել երկու քաղաքացու, բայց՝ առանց լրագրողների։ Դա զայրացրել էր ակցիայի երիտասարդ կազմակերպիչ ոմն Մանուել Մանուկյանին։
Հայաստանի Կենտրոնական բանկն, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է քաղաքացի Մանուկյանի եւ նրա կողմնակիցների գործողությունները եւ նախազգուշացրել այդ սադրանքի հնարավոր իրավական հետեւանքների մասին: ԿԲ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքիխոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Քաղաքացու և իր համախոհների կողմից
արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը: Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»:
Հավելենք, որ ցուցարարներից մեկն իր համախոհներին կոչ է արել վաղը ժամը 10-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի դիմաց: