Արմինֆո. ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա ՝ ընդդեմ Լանզարոտի կոնվենցիայի։
Ակցիայի մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանից պահանջում են չստորագրել համապատասխան փաստաթուղթը ՝ հայտարարելով, որ այդ կոնվենցիան հակասում է ազգային արժեքներին։ Բացի այդ, դժգոհություն է հնչում նաև այն փաստի առնչությամբ, որ կոնվենցիան ենթադրում է կրթական ոլորտում մի շարք մեխանիզմների կիրառում, ինչը, ցուցարարների կարծիքով, կարող է վերածվել դպրոցներում սեռական դաստիարակության հիմունքների դասավանդման: Հավելենք, որ բողոքի ակցիան սակավաթիվ է, և այս պահին իրավակարգն ապահովող ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները ։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազգային ժողովը հավանություն է տվել Լանզարոտում ստորագրված՝ ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Այն ստորագրվել է 47 պետության կողմից, ուժի մեջ է մտել 45 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:
Սույն Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում։ Կոնվենցիայի Կողմ պետությունների միջեւ համագործակցությունը իրագործվելու է՝ երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով, տուժողներին պաշտպանելու և աջակցություն տրամադրելու նպատակով, կոնվենցիայով նախատեսված քննություն եւ վարույթներ իրականացնելու նպատակով։
Այսպիսով՝ Կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ուղղված երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բնույթի բռնության դեմ կանխարգելմանն ու պայքարելուն և սեռական շահագործումից ու սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթ ուշադրություն դարձնելուն ու կխթանի Կոնվենցիայի կողմերի միջեւ միջազգային համագործակցությունը։