Արմինֆո. ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մտադիր է հաջորդ նիստին հրավիրել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ, "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք արդեն նամակ ենք ուղարկել Էդվարդ Նալբանդյանին», - ընդգծել է Քոչարյանը: Հանձնաժողովի ղեկավարը նաեւ նշել է, որ Հայաստանի նախկին արտգործնախարարն այժմ Մոսկվայում է, եւ անհրաժեշտության դեպքում պատգամավորները պատրաստ են տեսակապի միջոցով կապ հաստատել Նալբանդյանի հետ:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնաժողով հրավիրելուն, Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ այդ մասին առայժմ վերջնական որոշում չկա:
Հիշեցնենք, որ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: Հանձնաժողով են այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Իսկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ: