


Արմինֆո. Մայիսի 9-ին հայկական 6 դիվիզիաների դրոշները բարձրացվել են երևանյան երկինք՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևությունը:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում հիշեցվում է, որ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է հայկական 6 ազգային դիվիզիա։ «Այսօր վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանից հանդիսավորությամբ դուրս են բերել դիվիզիաների մարտական դրոշները և հանձնել դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ովքեր այնուհետև ուղևորվել են ռազմական օդանավակայան և դրոշները հանձնել հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները, րոպեներ անց օդ են բարձրացել և հանդիսավոր անցում կատարել Հաղթանակ զբոսայգու վրայով՝ այդպիսով խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևությունը», - ասվում է հաղորդագրությունում:



