Արմինֆո. "Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած դրսեւորման մեջ, այդ թվում՝ նաեւ բարոյահոգեբանական", - մայիսի 8-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ "Իմ քայլը" խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջեւ ծագած դիմակայությունը:
Վարչապետն անընդունելի է համարել այն, ինչ տեղի էր ունեցել այսօր առավոտյան նիստերի դահլիճում։ "Միաժամանակ, ուզում եմ նկատել, որ բռնությունը լինում է նաև բարոյահոգեբանական։ Արդեն երկու տարի է, ինչ կառավարող քաղաքական ուժը, այդ թվում՝ խորհրդարանական "Իմ քայլը" խմբակցությունը ենթարկվում է մշտական հարձակումների", - ընդգծել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նկատել է, որ կառավարող դաշինքի կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են հաշվեհարդարով, ինչպես նաեւ սպառնում են սպանել նրանց երեխաներին: "Այս ամենի նպատակը պարզ է՝ խարխլել երկրի իշխանությունների և ժողովրդի միջև ձևավորված վստահությունը", - ընդգծել է Փաշինյանը:
"Երեկ ես հանդիպել եմ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ եւ նշել, որ մենք բավարար հիմքեր ունենք ենթադրելու, որ նա եւ իր խմբակցությունը որոշակի ծրագրի մաս են կազմում։ Կառավարող ուժի նկատմամբ բարոյահոգեբանական եւ ֆիզիկական բռնություն գործադրելու ծրագիր", - ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, թե պարզ չէ՝ ինչի համար է Էդմոն Մարուքյանը ընդհատել իր ելույթը, և ռազմաշունչ քայլքով շարժվել դեպի Սասուն Միքայելյանը։ "Տեղի ունեցածը սադրանք է, և մենք դրան տրվել ենք։ Սակայն մենք իրավունք չունի տեղի տալ սադրանքներին։ Այդ մարդիկ ուզում են մեզ դուրս բերել հավասարակշռությունից, մեզ դարձնել մարդասպաններ, մեզ շեղել մեր արժեքներից։ Եվ այո, կառավարող խմբակցությունը մշտական հարձակումների և մշտական բռնությունների է ենթարկվում խորհրդարանում ՝ սերժաքոչարյանական հանցավոր խմբի և նրանց սպասարկող խորհրդարանական ուժի կողմից։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի ՝ կաշառքը հանցագործություն է", - ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը նկատել է, սակայն, որ ողջ կատարվածի համար դատապարտում է իրեն և կառավարող խորհրդարանական դաշինքին։ "Ես կարծում եմ, որ սա հեղափոխությունից հետո մեր ամենամեծ պարտությունն է, բայց թող դա ոչ ոքի չուրախացնի։ Մենք կվերականգնվենք այդ պարտությունից հետո։ Այո, ամեն ինչ սկսվեց "Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին" օրենքի ընդունումից։ Չէ որ՝ եթե մի շարք մարդկանցից բռնագրավեն նրանց ունեցվածքը, ինչպես նրանք կվճարեն իրենց մատուցվող ծառայությունների դիմաց", - ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը նաև հայտարարել է, որ ատելությունն ու բռնությունն անընդունելի են նոր Հայաստանում։ "Մենք ապրելու ենք նոր Հայաստանում, որտեղ բռնությունը տեղ չունի", - նշել է նա:
Նշենք, որ ՀՀ ԱԺ աշխատանքն այսօր ընդհատվել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ ծագած կոնֆլիկտի պատճառով: Ձեռնամարտի մեջ են հայտնվել նաև խորհրդարանի մյուս պատգամավորները։ Խորհրդարանականների մասնակցությամբ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է նաեւ հայտարարված ընդմիջման ժամանակ, որից հետո հակամարտող կողմերը վերջապես բաժանվել են: