Արմինֆո. Չկա հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Հաշվի առնելով հարցի կարևորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով», - գրել է նախարարը:
Նշենք, որ մայիսի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2782 դեպք, ապաքինվել է 1135 մարդ, մահացել է 40 հիվանդ: Այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 26929 թեստ։