Արմինֆո.Freedom House ոչ կառավարական կազմակերպության վարկածով՝ Հայաստանում ժողովրդավարության ինդեքսը կազմում է 3 միավոր։ Ընդ որում, Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետությունների շարքում։ Այս մասին ասվում է Freedom House-ի "Անցումային շրջանի երկրներ 2020" զեկույցում, որը հրապարակվել է այսօր: Հայաստանի հետ անցումային ռեժիմների թվում են Վրաստանը (3.25 միավոր), Մոլդովան (3.11 միավոր) և Ուկրաինան(3.39 միավոր):
Մինչդեռ, ըստ Freedom House-ի վարկանիշի, անցումային շրջանի երկրների շարքում յոթ կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների մեջ մտնում են Ռուսաստանը (1.39 միավոր), Թուրքմենստանը (1 միավոր), Ադրբեջանը (1.14 միավոր) , Ուզբեկստանը (1.14 միավոր), Տաջիկստանը (1.18 միավոր), Ղազախստանը(1.32 միավոր) եւ Բելառուսը (1.39 միավոր):
Վարկանիշում հայտնված 29 երկրների շրջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված գործերը լավ վիճակում են Էստոնիայում (6.09 միավոր), որը զեկույցի հեղինակները դասում են կոնսոլիդացված ժողովրդավարությունների շարքին: Նույն կատեգորիան ներառում է Լիտվան (5.64 միավոր), Լատվիան(5.79 միավոր) եւ Սլովենիան (5.93 միավոր):
Անցումային շրջանի երկրներում՝ նախկին սոցիալիստական բլոկի եվրոպական եւ ասիական պետություններում, ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների զարգացմանը նվիրված զեկույցում նշվում է, որ ժամանակակից միտումներն այնպիսին են, որ համաշխարհային պետությունների ավելի ու ավելի շատ ղեկավարներ վերջին ժամանակներս հրաժարվում են անգամ ձեւացնել, թե իրենք խաղում են ժողովրդավարության կանոններով:
"Հետապնդելով սեփական շահերը՝ այդ երկրներում ղեկին կանգնած շատ քաղաքական գործիչներ դադարել են թաքնվել ժողովրդավարության անվանական համապատասխանության ճակատի հետևում։ Նրանք բացահայտորեն գրոհում են ժողովրդավարական ինստիտուտները և փորձում վերջ տալ նրանց իշխանության նկատմամբ սահմանափակումների մնացորդներին։ Բազմաթիվ երկրներում հաճախակի են դարձել հարձակումները դատական իշխանության անկախության նկատմամբ, հնչում են սպառնալիքներ քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ, կեղծվում են ընտրությունների արդյունքները, իսկ խորհրդարանները դադարում են կատարել իրենց բուն գործառույթները, եւ այլեւս քաղաքական բանավեճերի եւ գործադիր իշխանության նկատմամբ հսկողության կենտրոն չեն", - ասված է փաստաթղթում:
Ընդ որում, նշվում է, որ չնայած պետությունների ղեկավարների ընտրությանը, մի շարք երկրներում քաղաքացիների ժողովրդավարության ձգտումը նախկինի պես բարձր է: "Հայաստանում և Ուկրաինայում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ՝ պայմանավորված ավելի արդյունավետ կառավարման հասարակական պահանջներով։ Ընդ որում, այդ պետություններում ձեռք բերված նվաաճումներն այս երկու տարիների ընթացքում ամենաբարձրն են, որ երբեւէ գրանցվել է անցումային տնտեսությամբ երկրներում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ կբախվեն սպասումների կառավարման, վստահության պահպանման եւ առանց ժողովրդավարական նորմերի խախտման կոռումպացված համակարգերի վերակազմավորման դժվարին խնդրին", - ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, Freedom House-ի վերլուծաբաններն, ընդհանուր առմամբ, արձանագրում են ժողովրդավարության ապշեցուցիչ փլուզումը 29 պետություններում, որոնք մտնում են անցումային շրջանի երկրների շարքի մեջ։ Զեկույցի հեղինակները համոզված են, որ այսօր տարածաշրջանում ավելի քիչ ժողովրդավարություններ կան, քան երբբեւէ՝ 1995թ. առաջին տարեկան հաշվետվության հրապարակման պահից ի վեր, իսկ կորոնավիրուսի պանդեմիան նպաստել է քաղաքացիների առավել խոցելի լինելուն իրենց իրավունքների հետագա խախտման հանդեպ:
"Անցումային շրջանի ավտորիտար երկրներում գործող կառավարիչներն օգտագործել են պետական ինստիտուտների նկատմամբ իրենց տրամադրության տակ եղած վերահսկողությունը՝ իրենց դիրքերի հետագա ամրապնդման համար։ Հնարավոր է ՝ ոչինչ այս միտումն ավելի լավ ցույց չտվեց, քան սահմանադրական "բարեփոխումները", որոնք 2020թ. սկզբին սկսել էր իրականացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ։ Բարեփոխումները, դրանց իրականացման դեպքում, Պուտինին կօգնեն պահպանել իր պաշտոնը գրեթե ցմահ ։ Սահմանադրության բարեփոխման մասին հաղորդագրությունը բոլորին անակնկալի է բերել ՝ ազդարարելով, որ Պուտինն իր ձեռքում ամուր է պահում իշխանության ղեկն ու միշտ մեկ քայլ առաջ է դաշնակիցներից ու մրցակիցներից, երբ խոսքը վերաբերում է նրա ռեժիմի շարունակականությանը եւ գոյատեւմանը, գրում են զեկույցի հեղինակները: Ավելի կարեւոր է, որ երկրի Սահմանադրության հնարավոր փոփոխությունները ցույց տվեցին Պուտինի արհամարհանքը օրենքի գերակայությանը եւ սահմանադրական կառավարման հիմնական սկզբունքներին", - հավելել են Freedom House-ում:
"Եվրասիայում եւ, մասնավորապես, Կենտրոնական Ասիայում մի շարք ավտորիտար պետությունների առաջնորդներ նույնպես մտահոգված են քաղաքական ապագայով։ Հնարավոր է, հույս ունենալով խուսափել այնպիսի սցենարներից, ինչպիսիք են Հայաստանում "թավշյա հեղափոխությունը" և Ղրղզստանում նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունը, Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց 2019 թվականի մարտին միայն նրա համար, որպեսզի իշխանության մեծ մասը վերցնի իր նշանակած հետնորդից ՝ Կասիմ Ժոմարտ Տոկաևից։
Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի նախագահներն իրենց ազգականներին նշանակում են պետական բարձր պաշտոնների, հնարավոր է, հող նախապատրաստելով քաղաքական դինաստիաների ստեղծման համար", - նշվում է զեկույցում: