Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր է սկսում ստեղծվել։ Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ՝ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հարցին։
Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այսօր շատերը հարց են տալիս, թե ինչ է փոխվել կամ փոխվում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, բայց տվյալ դեպքում խոսքը նոր քաղաքականության ձևավորման մասին է: <Իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով դրանք մեր դիրքորոշումներն են: Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի՝ անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն: Եվ աշխարհում պարզ է, որ բազմաթիվ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումներից: Եվ այս ողջ կարգավորման գործընթացը նրա համար է, որ մենք փորձենք պատասխանել մի հարցի, թե կարող ենք արդյոք մենք մոտեցնել դիրքորոշումները, կարող ենք արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում: Եվ ես այս ամեն ինչի մեջ, որը շատ հայտնի բանակցային բանաձև է, ևս 2 կարևոր բաղադրիչ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, այդ թվում՝ Ազգային ժողովի համար։ Դա իմ բարի ցանկությունից չէ, որ այդպես է։ Այդպես է ի բնե։ Եթե եղել են նախկինում իշխանություններ, որ կստորագրեին ինչ-որ փաստաթուղթ ու լուծում կտային հարցին, ապա իրենք գերագնահատել են իրենց ուժերը>,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առայժմ խոսքը բացառապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մասին է։