Արմինֆո.Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, թող որ դրանք քարոզչական բնույթ են կրում։ Այդ պատճառով անհնար է բանակցել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ՝ ատրճանակի փողի ներքո։
Ուժի կիրառման լեզուն անընդունելի է։ Մայիսի 5-ին խորհրդարանի ամբիոնից այդ մասին հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս կրկին հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն աճել է։
Պատգամավորի խոսքով ՝ մայիսի 9-ին Հայաստանը տոնելու է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, այլև Շուշիի ազատագրման տարեդարձը: "Շուշիի ճակատամարտում տարած հաղթանակը վերահաստատում է մեր սկզբունքային դիրքորոշումը մեր անվտանգության ապահովման հարցում։ Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել մեր անվտանգության ապահովման հարցերի հետ կապված որոշումներ", - ընդգծել է պատգամավորը։
Խոսելով մեծ հաղթանակի մասին՝ Հայրապետյանը հիշեցրել է, թե ինչպես են այն ընկալում Ադրբեջանում, որտեղ դեռ 90-ականներին իշխանությունները ոչնչացրել են հերոս մարշալներին ու գեներալներին նվիրված բոլոր հուշարձանները՝ միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին։