Արմինֆո. "Վերջին օրերին մենք կարողացանք համոզվել, որ օլիգարխիան Հայաստանում պարտված չէ, այն շարունակում է գոյություն ունենալ և ազդել իշխանության տարբեր ճյուղերի վրա", - խորհրդարանի ամբիոնից հայտարարել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա ընդգծել է, որ օլիգարխիան, մասնավորապես, շարունակում է ազդել դատական համակարգի և ԶԼՄ-ների վրա։ "Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված, և այն իրականացվում է բոլոր մատչելի միջոցներով։ Նպատակին հասնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ: Հարվածները հասցվում են ինչպես երկրի ներսից, այնպես էլ դրսից։ Պայքարի նման ձև մենք տեսել ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ և հետո, 2008 թվականի մարտի 1-ից առաջ և հետո։ Միայն՝ առաջ դա անում էին ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ, իսկ հիմա նրանք գործում են որպես ընդդիմություն", - հայտարարել է պատգամավորը։ "Մենք պետք է պատերազմ հայտարարենք բոլոր նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս մեր հանրապետությանը: Բայց ներքին ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, լուծում գտնել Սահմանադրական դատարանում ճգնաժամին։ Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեզ չհաջողվեց հանրաքվե անցկացնել, բայց ես կարծում եմ, որ արդարությունը կարող ենք վերականգնել նաև Ազգային ժողովի դահլիճում։ Ովքեր, եթե ոչ պատգամավորները, կարող են վերականգնել արդարությունն ու պաշտպանել ժողովրդավարությունը մեր երկրում։ Առաջարկում եմ այդ հարցը շուտափույթ քննարկման դնել", - եզրափակել է նա:
Նշենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքվե էր նշանակվել երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի շուրջ, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հանրաքվեն ստիպված էին չեղարկել։