Արմինֆո. Կորոնավիրուսի պատճառով Վարդենիս համայնքում կրկին երկարաձգվել են մուտքի եւ ելքի սահմանափակումները։
<Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Վարդենիսում կորոնավիրուսով առաջին հիվանդը տեղի պոլիկլինիկայի բժիշկն էր: Հետագայում վարակը հայտնաբերվել է ոչ միայն տվյալ բուժհաստատության մի շարք աշխատակիցների, այլև Վարդենիսի հիվանդանոցի անձնակազմի շրջանում։ Վերը նշված պոլիկլինիկան չի գործում ապրիլի 17-ից, ապրիլի 21-ից սահմանափակվել էր Վարդենիսի տեղական հիվանդանոցի աշխատանքը, գործում է միայն շտապօգնության ծառայությունը եւ իրականացվում է շտապ, անհետաձգելի բուժօգնություն: Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզում հիվանդների թիվը գերազանցել է 60-ը։
Ապրիլի 22-ից Վարդենիս համայնքում սահմանվել էր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, և այդ նպատակով տեղադրվել են մի քանի անցակետեր: Մասնավորապես, արգելված է անձանց եւ փոխադրամիջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ պարագաների, պարենամթերքի, դեղորայքի եւ վառելիքի մատակարարումների: Սահմանափակումների ժամկետն ավարտվել է մայիսի 3-ին ՝ 23:59-ին, սակայն Պարետատունը որոշում է կայացրել սահմանափակող միջոցները երկարաձգել եւս երեք օրով: