Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ծնողներին կեղծ տեղեկություններ տրամադրելով, բռնություն գործադրելով եւ այլ միջոցներով իրենց նորածին երեխաներից հրաժարվելու հհարկադրանքի համար: Այդ մասին ապրիլի 30-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում:
Նախարարը հայտարարել է, որ այդ երեւույթները պետք է պատժվեն նվազագույն աշխատավարձի 200-ից մինչեւ 500-ապատիկի չափ տուգանքով, 3 ամսից ոչ ավելի ժամկետով կալանքով կամ 1-4 տարի ժամկետով ազատազրկմամբ: "Ավելի լուրջ պատասխանատվություն է սպառնում այն դեպքում, եթե տվյալ արարքը կատարել է բժիշկը կամ անձանց խումբը՝ նախնական համաձայնությամբ։ Այդ ժամանակ ազատազրկման ժամկետը սահմանվում է 2-5 տարի։ Եթե այդ գործողությունները կատարվեն կազմակերպված խմբավորման կողմից կամ հանգեցնեն տուժածի մահվան, ապա ազատազրկման ժամկետը պետք է լինի 4-8 տարի", - ընդգծել է Բաթոյանը։
Նա նշել է, որ այս նախաձեռնությունը կօգնի պայքարել երեխաների ապօրինի առևտրի դեմ։ "Ինչպես գիտեք, անցյալ տարի արձանագրվել են երեխաների կենսաբանական ընտանիքից ապօրինի բաժանման մի շարք դեպքեր: Ուստի մենք կարծում ենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չափազանց կարեւոր է", - ընդգծել Է նախարարը։
Նշենք, որ անցյալ տարեվերջին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր Հայաստանում օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման ժամանակ հայկական օրենսդրության կոպիտ խախտումներ: Ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը Հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, Հայաստանի օրենսդրության կոպիտ խախտմամբ, կազմակերպել են ավելի քան երեք տասնյակ հայ երեխաների որդեգրման գործընթաց ՝ որպես Իտալիայի քաղաքացի:
Այդ նպատակով մանկաբարձական հիմնարկի մի շարք աշխատակիցներ եւ կառավարման լիազորություններով օժտված այլ ծառայողներ նախնական համաձայնությամբ, դիտավորյալ եւ շահադիտական նպատակներով, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում ծնողներին հարկադրել են հրաժարվել երեխաներից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 5 անձ, այդ թվում ՝ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, վերը նշված բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը: