Արմինֆո. "Ադեկվատ" շարժման անդամների կողմից Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք քաղաքացու: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նա նշել է, որ առայժմ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այս գործով: Ահարոնյանը նաև ընդգծել է, որ բոլոր հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավարը չի նշել բերման ենթարկված քաղաքացիների անունները:
Նշենք, որ այսօր Երևանի կենտրոնում Ազգային ժողովի փոխխոսնակի և "ադեկվատ" շարժման անդամ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել։ Շրջանառվում են կատարվածի տարբեր վարկածներ: Դեպքի վայրից փախուստի դիմած "Ադեկվատ" խմբի անդամները հայտարարել են, որ Սիմոնյանը հարձակվել է իրենց վրա, իսկ փոխխոսնակը, որին տարել է "շտապօգնությունը", պնդում է հակառակը: