Արմինֆո. Տուժած քաղաքացիներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին, մեկնաբանելով երեկ Գավառում տեղի ունեցած զինված միջադեպը, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՝ ձեռնպահ մնալով, սակայն,ավելի մանրամասն տեղեկատվություն հայտնելուց։
Նրա խոսքով ՝ տուժած քաղաքացիները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Թորոսյանը կարևորել է Գավառի բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքի վերականգնումը։ Նրա խոսքով՝ հիվանդանոցի բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել: Ինչ վերաբերում է միջադեպի հետևանքով վիրավոր քաղաքացիներին, ինչպես նշել է նախարարը, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Նորատուս համայնքից է՝ «Նորատուսցի արջ» մականունով, մյուսը՝ ռազմական ոստիկանության քննիչ։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ սպանված քննիչի հարազատները, ճեղքելով ոստիկանական շղթան, ներխուժել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղ հաշվեհարդար են տեսել երկու վիրավորների հետ ՝ կտրելով նրանց կոկորդը, իսկ հետո անարգել լքել հիվանդանոցի տարածքը: Նշվում է նաև, որ միջադեպի պահին հիվանդանոցում է եղել ՀՀ ոստիկանության պետը: Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը հայտնել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: Հաղորդվում է նաև, որ փոխհրաձգության հետևանքով զոհվել են 1989 թ. ծնված քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը և նրա փեսան։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշվում է, որ Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։