Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կկայանա նոյեմբերի 1-8-ը։
<<Ոսկե ծիրանի> թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտեպ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:
Այնուամենայնիվ, բոլոր երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին փառատոնը նպատակահարմար է համարել անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը: Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը:
Հուսանք ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք <Ոսկե ծիրան> տոնը>,- նշվում է փառատոնի կազմկոմիտեի հայտարարության մեջ։