Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
<Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ>,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: