Արմինֆո. Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել։ Այս մասին ասված է Գավառ քաղաքում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ։
<Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։
Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն>,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Նորատուս համայնքից է՝ «Նորատուսցի արջ» մականունով, մյուսը՝ ռազմական ոստիկանության քննիչ։
Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ սպանված քննիչի հարազատները, ճեղքելով ոստիկանական շղթան, ներխուժել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղ հաշվեհարդար են տեսել երկու վիրավորների հետ ՝ կտրելով նրանց կոկորդը, իսկ հետո անարգել լքել հիվանդանոցի տարածքը: Նշվում է նաև, որ միջադեպի պահին հիվանդանոցում է եղել ՀՀ ոստիկանության պետը:
Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը հայտնել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: Հաղորդվում է նաև, որ փոխհրաձգության հետևանքով զոհվել են 1989 թ. ծնված քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը և նրա փեսան։