Արմինֆո. Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը կանվանակոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ։Համապատասխան որոշում ապրիլի 28-ին ընդունել է Երեւանի ավագանին:
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է այդտեղ: 1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի առաջնելույթը: 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ: 1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։