Արմինֆո.Երևանում արժանի չեն համարում մեկնաբանել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը Անկարայից հնչած հայտարարությունները։
Մասնավորապես, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարով հեռարձակված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն իրենց կողմից «քայլ էր' ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչը մերժեց Հայաստանը», հայտարարել է, որ այդ խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, նույնիսկ, պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը:
«Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։