Արմինֆո. Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ ՀԷՑ ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։
Այդ մասին ասվում է «Հայաստանի էլեկտրաական ցանցեր» ՓԲԸ մամուլի ծառաայության ապրիլի 24-ին տարածած հայտարարությունում: «Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։ Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։ Առո'ղջ եղեք։ Շնորհակալություն համագործակցության համար», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին տարածած հայտարարութունում ՀԷՑ-ը զգուշացրել էր, որ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտք ունեցող բնակիչ-բաժանորդները ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում կհոսանքազրկվեն: «Հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար՝ Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` փետրվար և մարտ ամսիներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է: Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն», - ասվում էր ապրիլի 22-ի հայտարարությունում: