Արմինֆո. Կիպրոսում հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։ "Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, Կիպրոսը հարգում է այդ սարսափելի ոճրագործության զոհերի հիշատակը՝ աջակցելով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։ 1915 թվականն այլևս երբեք չի կրկնվի", - գրել է Կիպրոսի նախագահը։
Հայաստանին զորակցել է նաեւ Լիբանանի նախագահ Միշել Աունը, ով նշել է, որ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանությունը նախկինի պես մնում է մարդկության դեմ գործած հանցագործության խարանը: "Դա հիշեցնում է մեզ, որ մարդը կարող է չարիք գործել, եթե տիրում է անպատժելիություն։ Արդարությունը ավելի մարդասեր աշխարհ կառուցելու միակ ճանապարհն է", - գրել է Աունը։
Հայաստանին իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել նաև Լատվիայի առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, ով արձանագրել է, որ 20-րդ դարի պատերազմները մեծ տառապանքներ են պատճառել բազմաթիվ եվրոպական ժողովուրդներին, այդ թվում ' լատիշներին և հայերին: "Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով ցանկանում եմ անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում հայ ժողովրդի դեմ իրագործված զանգվածային սպանություններին և զրկանքներին' այն համարելով այդ գլոբալ հակամարտության մեծագույն ողբերգություններից մեկը", - նշել է Ուլմանիսը, համոզմունք հայտնելով, որ աշխարհի ժողովուրդները հետևություններ են արել իրենց նախնիների սխալներից և տառապանքներից: